Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Մայա Փանջիկիձեն չի հաստատել ադրբեջանական լրատվամջոցների այն լուրը, ըստ որի ԱՄՆ-ից հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այցելություն կկատարի Բաքու:

Ինչպես լրագրողներին հայտնել է Փանջիկիձեն, նման բան նրանք ոչ մեկին չեն ասել եւ այս հարցը Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի հետ չի քննարկվել, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

Շարաշենձինեն հոկտեմբերի 9-ին Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը եւ ԱՄՆ-ը համարվում են Վրաստանի ռազմավարական հիմնական գործընկերները: «Վրաստանում կառավարության փոփոխությամբ արտաքին քաղաքականությունը չի փոխվի»,-նշել է նա:

Ինչպես փոխանցում է 1news.az-ը, դեսպանը հայտնել է, որ Բիձինա Իվաիշվիլին որպես երկրի կառավարության նոր ղեկավար   իր առաջին այցը կկատարի ԱՄՆ, ինչից հետո, դիվանագիտական ուղիներով բանակցություններ կվարվեն  Ադրբեջան այցի վերաբերյալ: Այս նորությունը  ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ  տարածել են ամպագոռգոռ վերնագրերի ներքո, ինչպիսինն է օրինակ «ԱՄՆ-ից հետո Իվանիշվիլին կայցելի Ադրբեջան»: