Տարեսկզբից Սեւանա լճում 7 մարդ է խեղդվել: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ԱԻՆ  ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը:

Նրա խոսքով` տարեշրջանի սկզբից` հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 4 մարդ է խեղդվել, 2011թ.-ից  2-ով քիչ: Եւս երեք մարդ խեղդվել են ձմռանը: Նշված ժամանակահատվածում լճում 30 մարդու են փրկել:

Իբրեւ առանձնահատուկ ձեռքբերում Մկրտչյանը նշել է այն, որ Վարդավառն անցել է առանց միջադեպերի, ինչը ԱԻՆ-ում պայմանավորում են պրոֆիլակտիկ արդյունավետ աշխատանքով եւ քաղաքացիների գիտակցության բարձրացմամբ. արգելված տեղերում լողալու դեպքերը նվազել են:

«Լողացողների թիվը չի նվազել», - ընդգծել է Սամվել Մկրտչյանը` ի պատասխան այն ենթադրության, թե «քաղաքացիները Սեւ ծով են գնում, ոչ թե՝ Սեւան»: Նրա խոսքով` տարեշրջանին Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին հարյուրից ավելի այցելու է ունենում:

Փրկարարական հսկողություն իրականացվում է միայն Սեւանա Լճում: Այլ ջրամբարներում սուզորդներն անհրաժեշտության դեպքում որոնողական աշխատանքներ են իրականացնում: Ընթացիկ տարում զոհերի մարմինների որոնման նմանատիպ 4 գործողություններ են անցկացվել Սիսիանում, Շամշադինում, Հրազդանում եւ Ջերմուկում:

Ինչպես նշել է  Սամվել Մկրտչյանը, տարեշրջանի ավարտով պայմանավորված` հանվել են նախազգուշացնող որոշ նշաններ, որպեսզի քամին ու ալիքները չքշեն: Հաջորդ տարի հանրային լողափերի, որպես հետեւանք` նաեւ փրկարարների թվի ավելացում է ակնկալվում: