Firefox 16 բրաուզերի թողարկումից ընդամենը մեկ օր անց Mozilla-ի մշակողները անհապաղ հետ են կանչել այն, ժամանակավորապես հեռացնելով այն կայքից եւ ավտոմատ համակարգից: Ինչպես հայտնել են Mozilla-ում, արդեն թողարկումից հետո կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել, որն ընկերությունը մտադիր է վերացնել «հնարավորինս շուտ»:

«Խոցելիությունը կարող է թույլ տալ վնասաբեր կայքին պարզել, թե որ կայքերն է մտել օգտագործողը: Բացի այդ հնարավորություն կա որսալ URL-պարամետրերը, ինչը տեսականորեն թույլ  տալիս ձեռք գցել առկա տվյալները»,-հայտարարել է Mozilla-ի անվտանգության հարցերով տնօրեն Մայքլ Քոաթսը, հաղորդում է CyberSecurity.ru-ն:

Տնօրենը հայտնել է, որ Firefox-ի ուղղված տարբերակը հասանելի կլինի հոկտեմբերի 11-ի երեկոյան, սակայն եթե ինչ-որ բարդություններ ծագեն, նոր տարբերակի թողարկումը կհետաձգվի մի քանի օրով: Առայժմ ընկերությունը խորհուրդ է տալիս օգտագործել Firefox 15.0.1-ը: Ընկերությունում պնդում են, որ բրաուզերի 15-րդ տարբերակն այդ խնդիրը չունի: