Համացանցային հսկա Google-ն արդեն երկրորդ անգամ Pinkie Pie հաքերին վճարել է 60 հազար դոլար` Chrome բրաուզերը մեկ անգամ եւս կոտրելու համար: Հաղորդվում է, որ հաքերը Մալայզիայում Google-ի կազմակերպած Pwnium 2 մրցության ընթացքում բրաուզերում խոցելի 2 կետ է հայտնաբերել: Երկու թերություններն էլ ընկերության ծրագրավորողները շտկել են 12 ժամում:

Pinkie Pie-ը Chrome-ն արդեն երկրորդ անգամ է կոտրում: Առաջին անգամ նա միանգամից 6 խոցելի տեղեր էր հայտնաբերել: Այն ժամանակ եւս 60 հազար դոլար մրցանակ էր ստացել:  Առաջին մրցապայքարը 2012թ. փետրվարին էր կայացել: 

Մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար, որը բաժանվում է 60, 40 եւ 20 հազար դոլարանոց մրցանակների:

Pinkie Pie-ն իր հարցազրույցում նշել է, որ մարտին փորձել է աշխատանքի տեղավորվել Google-ում եւ ռեզյումեում նշել է, որ հեշտությամբ կարող է կոտրել  Google Chrome-ը, սակայն պատասխան չի ստացել, գրում է kurskweb.ru-ն: