Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն մեկ ամիս առաջ իր երկրի ԱԳՆ հարցում էր ուղարկել` խնդրելով հստակեցնել ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները` Ռամիլ Սաֆարովի դեպքերի համատեքստում:
Ինչպես տեղեկացնում է Nouvelles d`Arménie-ն, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հոկտեմբերի 9-ին պատասխանել է Բուայեի հարցմանը:
Ֆրանսիացի պատգամավորը գրել էր. «Արտգործնախարարի ուշադրությունն եմ հրավիրում ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններին: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայից Ադրբեջան էր արտահանձնվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, որին Ադրբեջանում ընդունել էին որպես հերոսի: Նախագահը նրան ներում էր շնորհել, արժանացրել մայորի կոչման, ինչպես նաեւ բնակարան եւ աշխատավարձ հատկացրել: Իրականում հանցագործին Ադրբեջանը շնորհակալություն էր հայտնել հայի սպանության համար: Ցանկանում եմ տեղեկություն ստանալ Ադրբեջանի հետ դիվանագիտական հետագա հարաբերությունների վերաբերյալ, նաեւ` մեր տարածքում ադրբեջանցի պաշտոնյաների ընդունելության, օրինակ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, որը ֆրանսիական հյուպատոսության կողմից հրավիրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Ռամիլ Սաֆարովի փառահեղ տունդարձից հետո»:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի պատասխանում ասվում է. «Ֆրանսիան սեպտեմբերի 3-ին արձագանքել է Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը:
Նախարարության մամուլի քարտուղարը հրապարակավ մտահոգություն եւ անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ:.ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները եւս` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, սեպտեմբեի 3-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ`խոր մտահոգություն եւ ափսոսանք հայտնելով Ադրբեջանի որոշման կապակցությամբ: Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների լարվածության սրացման պայմաններում կարեւոր է, որպեսզի բանակցային գործընթացը չընդհատվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին սեպտեմբերի 2-ին եւ 3-ին Փարիզ հրավիրելն օգտակար էր նրանով, որ համանախագահներին թույլ տվեց նախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել, ադրբեջանցի նախարարին մտահոգություն փոխանցել եւ կողմերին կոչ անել շարունակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Ֆրանսիան մտադիր է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղած ջանքերին: Այդ նպատակով առաջիկա օրերին բարձրագույն մակարդակով շփումներ կլինեն երկու երկրների հետ»:
Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:
Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:





























