Առողջապահության ոլորտում իրականացված պետական գնումների ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են պետական միջոցների հաշվին կատարված 84,2 մլն դրամի չհիմնավորված գնումներ եւ 140 մլն դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:
Առողջապահության նախարարությունը 2009 թվականից իրականացրել է ուռուցքաբուժության բնագավառում կիրառվող «Քսելոդա» տեսակի դեղորայքի չորս գնում, ընդ որում` հունիսին 1-ին դեղահատի գինը կազմել է 2670 դրամ, իսկ սեպտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի գնումներով՝ 1875 դրամ: Ձեռքբերված դեղորայքի ամբողջ խմբաքանակը մատակարարվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնին: Միաժամանակ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի կողմից ինքնուրույն` ուղղակի գնման ձևով, նույն դեղորայքը 2009 թ.-ի փետրվարին ձեռք է բերվել 1167 դրամով։ Այսինքն, առողջապահության նախարարության կողմից ձեռքբերված դեղորայքի գինն էականորեն ավելի բարձր է հիվանդանոցի կողմից ուղղակիորեն գնված միևնույն դեղորայքի գնից:
Միաժամանակ, ձեռքբերված «Ալիմտա» դեղորայքի պիտանելիության ժամկետում սպառման ցածր տեմպերը հանգեցրել են ավելի քան 140 մլն դրամ պետական միջոցների հնարավոր կորուստների, անարդյունավետ ծախսերի, որը պայմանավորված է նախարարության կողմից առանց համապատասխան մոնիտորինգի իրականացման, առանց կոնկրետ դեղի պահանջարկն ուսումնասիրելու կատարված չհիմնավորված գնումներով:
Արձանագրվել է նաեւ հակառակ երևույթը։ Օրինակ` հոգեբուժական ծառայությունների մատուցման բնագավառում խիստ անհրաժեշտ «Զիպրեքսա» դեղամիջոցը վերջին երեք տարիներին պարբերաբար գնվել է մոտ 250 հիվանդի պահանջարկով, սակայն իրական պահանջարկը կրկնակի ավելի է:





























