Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին շնորհակալություն է հայտնել երկրում կայացած ժողովրդավարական ընտրությունների համար եւ առաջիկայում հանդիպելու ցանկություն հայտնել: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքը:

«Կողմերը քննարկել են Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները: Զրույցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Սահակաշվիլիին շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար եւ եվրոատլանտյան կառույցում ընդգրկվելու հարցում լիակատար աջակցություն խոստացել:  Զրույցի ավարտին Էրդողանը Միխայիլ Սահակաշվիլիի հետ առաջիկայում հանդիպելու ցանկություն է հայտնել», - ասվում է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

«Վրացական երազանքի» առաջնորդի կայքի հաղորդմամբ՝ Իվանիշվիլիի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ եւս հեռախոսազրույց է տեղի ունեցել, որը վերաբերվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ վրաց-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանը, հայտնում է  «Նովոստի Գռուզիի»-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում  հաղթել է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան, իսկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը դարձել է ընդդիմություն: Ներկայումս երկրում իշխանափոխության գործընթաց է: Վարչապետի թեկնածու Իվանիշվիլին հոկտեմբերի 8-ին ներկայացրել է գործադիր եւ օրենսդիր մարմինների պաշտոնների թեկնածուներին:  Հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան Վրաստանի կառավարությունը  հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն ընդունվել է նախագահի կողմից: Սպասվում է, որ  նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում: