Թուրքական Ռազմաօդային ուժերի ճնշմամբ`Անկարայում հարկադրված վայրէջք կատարած Մոսկվա-Դամասկոս չվերթի ուղեւորները պատմել են թուրքական օդանավակայանում դաժան վերաբերմունքի, վիրավորանքների, սպառնալիքների եւ ծեծի մասին: Այն մասին, թե ինչպես են հատուկ ծառայությունները շրջափակել ինքնաթիռը եւ թե ինչ է տեղի ունեցել հետո, չվերթի մի քանի ուղեւորներ պատմել են RT-ի թղթակցին:
Ինչպես պատմել է ուղեկցորդուհին, ինքնաթիռի անձնակազմը վախենում էր հրամանատարի կյանքի համար: Նրան տարել են Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները: «Դիմակավոր մարդիկ շրջափակել են ինքնաթիռը: Նրանք բռնագրավել են ինքաթիռի ողջ ուղեբեռը: Ծեծի են ենթարկել 4 մարդու` անձնակազմի երկու անդամների եւ երկու ուղեւորների` փորձելով նրանց ստիպել փաստաթուղթ ստորագրել: Մենք չգիտենք, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Մենք վախենում էինք հրամանատարի ճակատագրի համար: Նրան ինչ որ տեղ են տարել: Նրանք սպառնում էին ձերբակալել նրան, եթե վերջինս չստորագրի ինքնաթիռի վթարային վայրէջքի մասին փաստաթուղթը»,-հայտնել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները չորեքշաբթի ստիպել են Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական քաղաքացիական «Аirbus А-320» ինքնաթիռին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում, հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե օդանավին հարկադրել են վայրէջք կատարել զենքի տեղափոխման կասկածանքով, եւ որ Թուրքիայի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան հետագայում եւս մտադիր է սիրիական քաղաքացիական օդանավերի ստուգումներ անցկացնել, որոնք կհատեն Թուրքիայի օդային տարածքը, եւ հիշեցրել է, որ նախկինում արգելված է եղել Թուրքիայի օդային սահմանի օգտագործումը` Սիրիա զենք տեղափոխելու համար:





























