Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 11-ին, կայացել է «Փուչիկների» գործով հերթական դատական նիստը:

Ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անցել են ճառերի փուլին: Այս նիստի ընթացքում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է մեղադրական ճառը եւ դատարանին միջնորդել մեկ տարվա ազատազրկման դատապարտել Սերոբ Բոզոյանին:

Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին, որի ընթացքում  իր ճառը կասի պաշտպանը, ամբաստանյալը եւ կլինի ամբաստանյալի վերջին խոսքի ունկնդրումը: «Դեռ պետք է տեսնենք, թե ինչ է որոշում դատարանը, ըստ այդմ` խորհրդակցելով ամբաստանյալի հետ, կորոշենք` ինչ ենք անում»,- ասաց Կարեն Մանուչարյանը:

Նա նշեց, որ հնարավոր է հենց հաջորդ նիստին դատավորը հրապարակի դատավճիռը, կամ էլ նորից մեկ նիստ նշանակի` դատավճռի  հրապարակման համար:

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: