Գլդանի թիվ 8 բանտի նախկին աշխատակից Դավիդ Ակոբիան, որը նկարահանել էր բանտարկյալների նկատմամբ բռնությունները, ազատ է արձակվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ակոբիան ձերբակալվել էր հայ-վրացական սահմանին՝ «Սադախլո» մաքսակետում: Այդ նույն օրը դատախազությունը տարածել էր Ակոբիայի ցուցմունքները, որոնցում նա պատմել էր, որ իրեն կարգադրել են նկարահանել  Գլդանի բանտի վայրագությունները: Ըստ դատախազության՝ Ակոբիան ցանկացել էր օգտվել Վկաների պաշտպանության հատուկ ծրագրից եւ հետաքննությանն էր տրամադրել կարեւոր տեղեկություններ, հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Նախօրեին` հոկտեմբերի 10-ին, Ակոբիայի  փաստաբանները հայտարարել էին, որ  մի քանի օր է`չեն կարողանում պարզել վերջինիս գտնվելու վայրը: Հոկտեմբերի 11-ին «Ազատ Վրաստանի» անդամ Ջաբա Ջիշկարիանին լրագրողներին հայտնել էր, որ  ներկայումս Ակոբիան գտնվում է Թբիլիսիի իր տանը: Նա հայտնել է, որ ազատվելուց հետո բանտի նախկին աշխատակիցը չի ցանկանում ոչ ոքի հետ շփվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վրաստանի ՆԳՆ-ն տեսագրություններ էր տարածել, որոնցում  առկա էին Գլդանի բանտում բանտարկյալներին  բռնությունների ենթարկելու փաստեր: Այդ նույն օրը վրացական սոցկայքերում եւ «Մաեստրո» եւ «9-րդ ալիք» հեռուստաալիքներում տարածվել էին Գլդանի բանտի կտտանքների տեսարանները:  Տեսագրությունները Թբիլիսիում եւ երկրի մի շարք քաղաքներում բողոքի ալիք էին բարձրացրել:  Ձերբակալվել էին տասնյակից ավելի պետական պաշտոնյաներ, որոնք ներկայումս նախնական կալանքի տակ են:  Հրաժարական էին տվել պատժի իրագործման եւ իրավաբանական աջակցության նախարար Կաթունա Կալմախելիձեն եւ ՆԳՆ-ի ղեկավար Բաչո Ախալայան: