Թուրքական Milliyet պարբերականի վերլուծաբան Մեթին Մունիրն իր «Սիրիայի հետ պատերազմն ավազի վրա պիկնիկ անել չէ» հրապարակման մեջ անդրադառնում է  Սիրիայի հետ պատերազմի անհնարինությանը՝ շեշտելով միայն դրա տնտեսական կողմին։

NEWS.am-ը ներկայացնում է հատված Մեթին Մունիրի հրապարակումից.

«Թուրքիան ռազմական միջամտություն չի կարող անել Սիրիայում, քանի որ այլ պատճառների հետ մեկտեղ, տնտեսությունը չի կարող նման արկածախնդրության տակից դուրս գալ։

Պատերազմը Թուրքիային կմտցնի խոր տնտեսական ճգնաժամի մեջ։  Բացի այդ տնտեսական աճը նաեւ կառավարության որոշ քայլերի հետեւանքով սկսել է նվազել։ Նախորդ տարիներին 8 տոկոսանոց աճեր գրանցող Թուրքիայում այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվն իջել է 3 տոկոսի, իսկ երկրորդ կեսի համար արվում է աճի 1 տոկոս կանխատեսում։

Եթե պատերզմ սկսվի, դրսից մտնող ներդրումները կդադարեցվեն, բորսաներից կսկսվի արտաքին կապիտալի դուրս բերումը։ Թուրքական լիրան կարժեզրկվի։ Մի շարք ապրանքների վրա վերջին շրջանում հավելյալ հարկերի ավելացումը դրա ապացույցն է։  Այդ հարկերի միջոցներով պետությունը փորձում է ծածկել ավելացող ռազմական ծախսերը։

Միեւնույն ժամանակ PKK-ի դեմ պայքարել եւ Սիրիայի 900 կմ երկարությամբ սահմանին զորք կուտակելն այնքան էլ էժան չէ։

Սիրիայի հետ պատերազմ սկելուց պետք է հաշվի առնել, որ պատերազմում ես նաեւ Սիրիայի դաշնակից Իրանի եւ շիական Իրաքի հետ։ Պատերազմ սկսելու դեպքում մեր քաղաքները կդառնան Հզբոլահի եւ շիական այլ ահաբեկչական կառույցների թիրախները։ Պատերազմը կնշանակի նաեւ բախում Սիրիայի քրդերի հետ։ Պետք է ընդունել, որ Ասադի կողմից քիմիական զենք օգատործելու դեպքում տասնյակ հազարավոր զոհեր կունենանք եւ Թուրքիան կհայտնի նույն Սիրիայի վիճակին։

Հեռուստաստուդիաներում իշխող կուսակցության մի քանի պատգամավորներ եւ նախարարներ հայտարարում են, թե մի քանի ժամում Դամակոս կհասնեն՝ ժողովրդին համոզելով, թե պատերազմը նման է ավազի վրա պիկնին անելուն։ Այդ ռազմավարագետներին հետեւյալ հարցը պետք է տալ. Եթե մի քանի ժամում հասար Դամասկոս, քանի՞ ժամ հետո կարող ես վերադառնալ։ Եվ երբ վերադառնաս, ինչպիսի՞ Թուրքիայի կհանդիպես»,-գրել է Milliyet-ի վերլուծաբանը։