Ցանկացած միջադեպ, իհարկե, կարող է անդրադառնալ երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Թեւան Պողոսյանը` մեկնաբանելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հետագա զարգացումը` ինքնաթիռի հետ կապված վերջին միջադեպի համատեքստում:

Միեւնույն ժամանակ Պողոսյանը հիշեցրել է, որ պետությունը առաջնորդվում է սեփական շահերով, այլ ոչ թե զգացմունքներով եւ միջադեպերով։ «Եթե շահերը համընկնում են, ապա մեկ ինքնաթիռի հետ միջադեպը պատճառ չի դառնա հարաբերությունների վատացման համար», - նկատել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի տարածաշրջան կատարվելիք այցի հետաձգմանը, ապա սկզբում ոչ պաշտոնական լուրեր էին տարածվել Երեւան այցի մասին, հետո պաշտոնապես հերքվել է Անկարա կատարվելիք այցը։ Ըստ փորձագետի՝ այդ կապակցությամբ եղել են քաղաքական պատճառներ։ «Հնարավոր է դրանով Պուտինը ցանկանում է ցույց տալ իր վերաբերմունքը տարածաշրջանում ընթացող գործողությունների նկատմամբ», - նկատել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները Մոսկվայից Դամասկոս թռչող  սիրիական քաղաքացիական «Аirbus А-320» ինքնաթիռին ստիպել էին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Հաղորդվել էր, որ օդանավին հարկադրել են վայրէջք կատարել զենքի տեղափոխման կասկածանքով։ Ըստ Անկարայում ռուսական դեսպանատան տվյալների` ինքնաթիռում եղել են Ռուսաստանի 17 քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի ժամ տեւած ստուգումից հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Դամասկոս: