Ռուսաստանը պետք է վերաիմաստավորի Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը: Նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը՝ NEWS.am-ի թղթակցին մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունների վիճակը:
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա կատարելիք այցը հետաձգելու վերաբերյալ որոշումը տրամաբանական է, այն հետաձգվել է ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական պատճառներով: Միխայիլ Ալեքսանդրովը նշել է, որ Ռուսաստանը Սիրիայի հարցով հարկ եղածի չափ խիստ չի դատապարտել Թուրքիային, եւ որ ներկայումս Թուրքիան սիրիական պետության սահմաններ ներխուժելու շեմին է: «Դա սպառնում է Մերձավոր Արեւելքի խաղաղությանը եւ անվտանգությանը: Հակամարտությանը կարող են ներգրավվել Իրանը, Հայաստանը, ՆԱՏՕ-ն», - նշել է փորձագետը:
Նա ընդգծել է, որ թուրքական նեոօսմանիզմի քաղաքականությունն արմատապես հակասում է Ռուսաստանի շահերին: «Թուրքիայի հետ բազմաթիվ նախագծեր կան, այդ թվում` «Հարավային հոսքը»: Կորցնե՞լ փողեր, թե՞ աչք փակել: Կարծում եմ, պետք է ընդմիջել հարաբերությունները, Թուրքիային հասկացնել տալ դժգոհությունը», - նշել է փորձագետը: Միխայիլ Ալեքսանդրովը հնարավոր միջոցների շարքում նշել է վիզային ռեժիմի վերականգնումը: «Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի ընկերը: Լավագույն դեպքում` աշխարհաքաղաքական մրցակից, իսկ երբեմն` նաեւ թշնամի: Ռուսաստանը չպետք է լուրջ պարտավորություններ ստանձնի եւ դժգոհությունը ցույց տա ագրեսիվ քաղաքականությամբ», - կարծում է Միխայիլ Ալեքսանդրովը:
Ինչ վերաբերում է Հայաստան հետաձգված այցին, ապա, ըստ նրա, նման այց չէր էլ նախատեսվել: «Վլադիմիր Վլադիմիրովիչի օրակարգը խիստ հագեցած է, եւ նման այց չէր էլ նախատեսվել: Եկել է Սերդյուկովը, ինչը նույնպես վատ չէ», - եզրափակել է Միխայիլ Ալեքսանդրովը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական քաղաքացիական «Аirbus А-320» ինքնաթիռին ստիպել էին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Հաղորդվել էր, որ օդանավին հարկադրել են վայրէջք կատարել զենքի տեղափոխման կասկածանքով։ Ըստ Անկարայում ռուսական դեսպանատան տվյալների` ինքնաթիռում եղել են Ռուսաստանի 17 քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի ժամ տեւած ստուգումից հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի Դամասկոս: Ռուսաստանի ԱԳՆ-ն Անկարայից խիստ տոնով բացատրություններ է պահանջել:





























