Ոստիկանական բաժանմունքում ենթադրաբար ծեծի ենթարկված  երիտասարդի հարազատները քրեական գործի հարուցում են պահանջելու, NEWS.am-ի թղթակցին ասաց երիտասարդի փաստաբան Սարգիս Խաչատրյանը:

Հոկտեմբերի 3-ի երեկոյան ոստիկանները գողության կասկածանքով Կենտրոնի բաժանմունք էին տարել  5  երիտասարդների, այդ թվում` 28-ամյա Ռ.Օ-ին, որը պնդում է, որ խոստովանական ցուցմունք է տվել ֆզիկական հաշվեհարդարի արդյունքում:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը պնդում է, որ «ոստիկանական բաժանմունքում իրեն մի քանի ոստիկաններ ծեծի են ենթարկել, անգամ սպառնացել սեռական բռնությամբ եւ այդ նպատակով բաժանմունքւմ հայտնվել է կնոջ նման  հագնված մեկը»:

Ինչ վերաբերում է  մարմնական վնասվածքներին, ապա փաստաբանի եւ հարազատների պահանջով փորձաքննություն է անցկացվել, որի ժամանակ ծեծին բնորոշ վնասվածքներ են հայտնաբերվել: Փորձաքննությունը նաեւ լսողության հետ կապված խնդիրներ եւ կողոսկրի հնարավոր վնասվածքներ է ի հայտ բերել եւ երիտասարդին ուղեգիր է  տրվել: «Սակայն ոստիկանները չեն շտապում նրան ուղարկել բժիշկների մոտ: Ամենայն հավանականությամբ ժամանակ են ձգում, որ վերքերը լավանան»,-նշեց փաստաբանը:

Ըստ նրա` ոստիկանների գործողությունները, որոնք փաստաբանի բացակայությամբ են հարցաքննել երիտասրադին, ապօրինի են եղել. երիտասարդը 2008 թ-ից հաշվառման մեջ է նեվրոլոգիական դիսպանսերում, եւ հարցաքննությանը փաստաբանի ներկայությունը պարտադիր է:

Նախկինում Ռ.Օ-ն դատապարտված է եղել գողության համար: Ներկայումս իրեն մեղսագրվող հանցագործությունը նա կտրականապես հերքում է:

Ոստիկանական բաժանմունքում միջադեպի մասին հոկտեմբերի 5-ին ահազանգ է ստացել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել: