Եմենի մայրաքաղաք Սանայում սպանվել է երկրում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության համար պատասխանատու հատուկ ծառայության սպան: Տեղական իշխանությունների հաղորդմամբ, Քասեմ Աքլանին սպանվել է աշխատանքի գնալիս: Կրակողը մոտոցիկլետով հեռացել է:
Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ի ներկայացուցիչները, գրոհայինները կրակ են բացել մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկում եւ տառացիորեն ցանց են դարձրել Քասեմ Աքլանիի մեքենան, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոն, Աքլանին զբաղվում էր նախորդ ամիս համացանցում հայտնված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից հետո Եմենում ամերիկյան դեսպանատան վրա ցուցարարների հարձակման գործի հետաքննությամբ:
Ինչպես կարծում են իրավապահները, Աքլանիի դեմ հարձակման հետեւում կանգնած է Եմենի «Ալ Կաիդան»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունից հետո սեպտեմբերի 13-ին հարյուրավոր կատաղած ցուցարարներ ներխուժել էին ամերիկյան դեսպանատան տարածք, պոկել ամերիկյան դրոշը, այրել մեքենաները: Ամբոխին ցրելու համար իրավապահները հրազեն, արցունքաբեր գազ էին կիրառել: Բախումների ժամանակ զոհվել էր 4 մարդ, 40-ը՝ վիրավորվել:




























