Տասնյակ անհայտ անձինք հոկտեմբերի 11-ի երեկոյան ավերել են Մոսկվայի կենտրոնի 7freedays գեյ-ակումբը, որտեղ հավաքույթ էր: Ինչպես միջոցառման կազմակերպիչներից Անդրեյ Օբոլենսկուն վկայակոչելով հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ակումբ են ներխուժել բժշկական դիմակներով 20 մարդ,  տուժել են 3 հոգի:

Ինչպես ոստիկանության աղբյուրին վկայակոչելով հաղորդում է Life News-ը,  հարձակված երիտասարդները մուգ գույնի հագուստով են եղել: Ակումբի հաճախորդներից մեկը օգնություն ստանալու նպատակով դիմել է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ: Ըստ երիտասարդի` նրա վրա ծծմբաթթու էին լցրել: Աչքերի այրվածք ստացած երիտասարդին բժիշկներն ուղարկել են մասնագիտացված հատուկ ակնաբուժարան: 

Հարձակումը նախապես ծրագրավորված եւ նախապատրաստված լինելու մասին վկայում է այն փաստը, որ հավաքույթում նկատվել են կասկածելի երկու երիտասարդներ: Այդ մասին նշել է հավաքույթի կազմակերպիչ եւ վարող Իվեն Բաթլերը: Բարմեն Յուլյան պատմում է, որ իր վրա ատրճանակ են պահել, որպեսզի ոստիկանություն չզանգահարի:

Ականատես Քսենիայի խոսքերն էլ մեջբերում է gazeta.ru-ն: Ըստ նրա` 3 մարդու տարել է շտապօգնությունը, մյուսներին օգնություն են ցուցաբերել տեղում:

«Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին,  հայտնում է, որ ակումբից հիվանդանոց են տեղափոխվել 2 մարդ:

Հաղորդվում է, որ ակումբը «Ռուսաստանում առաջին բարն է, որտեղ գեյերի եւ լեսբուհիների նկատմամբ բարեկամաբար են տրամադրված»: Հինգշաբթի օրն այնտեղ ընթանում էր միջազգային coming out (մարդու կողմից սեռական փոքրամասնությանը պատկանելու անկեղծ խոստովանության) միջազգային օրվան նվիրված միջոցառում։