Սումատրա կղզու արեւմտյան ափին հոկտեմբերի 12-ի գիշերը Ռիխտերի սանդղակով 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել: 

Ըստ Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչության` ստորերկրյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Սիմելուե կղզյակից 463 կմ հարավ-արեւմուտք` Աչեխ նահանգում, հիպոկենտրոնը գտնվել է Հնդկական օվկիանոսի մակերեւույթից 10 կմ խորությունում: 

Ավերածությունների եւ զոհերի վերաբերյալ տեղեկություններ դեռեւս չեն ստացվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինդոնեզիան գտնվում է մոլորակի ամենաակտիվ սեյսմիկ գոտում եւ այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրե օղակի մաս է կազմում:
Նախորդ ամիս Nature ամսագրում հրապարակված հոդվածներում երկրաբանների մի քանի խմբեր եկել էին այն եզրակացությանը, որ 2012 թվականի ապրիլի 11-ին Ռիխտերի սանդղակով 8,6-8,7 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղագույն երկրաշարժերի շարքը դարձել էր Հնդ-ավստրալական լիտոսֆերային սալաքարի ճեղքման հետեւանք: