2014 թվականի աշնանը տեղի կունենա հանրաքվե, որի ընթացքում կպարզվի՝ ցանկանում են արդյոք Շոտլանդիայի բնակիչները անկախանալ Մեծ Բրիտանիայից, թե՞ նախընտրում են նախկինի պես մնալ Միացյալ թագավորության կազմում: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության նախարար Դեւիդ Մանդելը, գրում է «pravda.ru»-ն:

Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիան գտնվում է 1707 թվականից, 1997-ից  Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի կազմում ստացել էր սահմանափակ ինքնավարություն, իսկ երկու տարի անց՝  գործադիր սեփական իշխանություն, նաեւ՝ խորհրդարան:  Շոտլանդական հարցի բարձրացման պատճառ էր դարձել 2011 թվականի մայիսին  Շոտլանդիայի խորհրդարանական ընտրություններում  շոտլանդացի ազգայնականների հաղթանակը` 129 տեղերից կուսակցությունն ստացել էր  69-ը: Կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Սելմոնդը կողմ էր արտահայտվել Միացյալ թագավորությունից Շոտլանդիայի անջատվելու հանրաքվեին: 

2012 թվականի մայիսի վերջին Շոտլանդիայի կառավարությունը քարոզչություն էր կազմակերպել՝  «Այո Շոտլանդիային» անվանմամբ: 

Ըստ Reuters-ի` Շոտլանդիայի անկախանալուն աջակցում են բնակիչների 40%-ը, շոտլանդացիների կեսը դեմ են Միացյալ թագավորությունից անջատվելուն, իսկ  10%-ը դեռեւս չեն կողմնորոշվել: