Հայաստանում հարկավոր է ստեղծել ռազմարդյունաբերական տեխնոպարկ: Այդ մասին NEWS.am-ին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա կարծիքով՝ այդ տեխնոպարկը պետք է տեղակայվի Երեւանը շրջապատող արբանյակային նախկին տեխնոլոգիական քաղաքներից մեկում:

Հիշեցնենք, որ ներկայում տեխնոպարկ է կառուցվում Գյումրիում, ծրագիր կա տեխնոպարկեր ստեղծել Վանաձորում եւ Չարենցավանում: Սակայն այդ տեխնոպարկերն ունեն ոչ ռազմական ուղղվածություն:

Ռազմարդյունաբերական տեխնոպարկի կառուցումը Հայաստանում մասամբ պայմանավորված է նաեւ թուրքական կառավարության ծրագրերով եւ տեխնոլոգիական ոլորտում տարածաշրջանային մրցակցության սրմամբ; Թուրքիան մտադիր է 8-10 տարիների ընթացքում Ստամբուլի արեւելյան հատվածում ավարտել աշխարհի ամենամեծ ռազմական հետազոտական տեխնոպարկի շինարարությունը: Ստամբուլի տեխնոպարկը կդառնա Սիլիկոնյան հովտի անալոգային տարբերակը ռազմական արդյունաբերության ոլորտում: Ըստ որոշ գնահատականների՝ այդ տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա  տարեկան մոտ 10 միլիարդ դոլարով: Տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30.000 մարդ:  Ներկա դրությամբ Թուրքիայում գործում են 37 տեխնոպարկեր, որոնցում տեղակայված են 1200 ընկերություններ: