Չորեքշաբթի թուրքական ռազմաօդային ուժերի կողմից հարկադիր վայրէջքի ենթարկված Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող ինքանթիռի բեռը պարունակել է ռադիոտեղորոշիչ կայանների համար նախատեսված տեխնիկական դետալներ եւ հատուկ ձեւակերպում չէր պահանջում: Նման տեղեկատվություն է տարածել «Կոմերսանտ» թերթը` վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրատարակչությունը նշում է, որ ինքնաթիռում եղել են ռադիոտեղորոշիչ կայանների տեխնիկական դետալների 12 արկղեր, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ տեխնոլոգիական փաստաթղթեր: Աղբյուրները պարզել են, որ բեռը ոչ մի հատուկ ձեւակերպում կամ ստուգում չէր պահանջում, քանի որ ոչ մեկի համար էլ վտանգ չէր ներկայացնում, եւ միջազգային օրենքների խախտում չէր եղել: Մինչդեռ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ինքնաթիռն իբր ռուսական ընկերության կողմից Սիրիա ուղարկվող ռազմական նշանակության  բեռ էր փոխադրում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին կտրուկ կերպով բացատրություն էր պահանջել թուրքական կողմից, քանի որ վտանգի էր ենթարկվել  ինքնաթիռում գտնվող  ռուսական 17 քաղաքացիների կյանքը: Ըստ «Ռուսաստանն այսօր» պետական անգլալեզու հեռուստաալիքի տեղեկության`  սիրիական ինքնաթիռի  որոշ ուղեւորներ թուրքական օդանավակայանում դաժան ծեծի էին ենթարկվել:

Սիրիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Ջիհադ Մաքդեսին ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետի  եւ արտգործնախարարի հայտարարությունները բնավ չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը: Նա ավելացրել է, որ այդ հայտարարությունները հաստատում են թուրքական իշխանությունների մասնակցությունը Մոսկվայից Դամասկոս թռչող ինքնաթիռի նկատմամբ:

 Թուրքական իշխանությունները ստուգել էին «սիրիական ավիաուղիներ» պետական ընկերությանը պատկանող ինքնաթիռը եւ 8 ժամ չէին թույլատրել շարունակել ճանապարհը։