Երեկ երեկոյան Հայաստանում տեղի ունեցած վթարից տուժել է Ռուսաստանի քաղաքացի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին ժամը 22:04-ին Գյումրի- Բավրա ճանապարհի 15-րդ կմ-ի վրա: Դեպքի վայր է ուղարկվել շրջանային փրկարար ջոկատը: Մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից  եւ շրջվել:

Վթարի հետեւանքով տուժել է մեքենայի վարորդը` ՌԴ-ի քաղաքացի, 1988 թ-ի ծնված Ալեքսանդր Սադչիկովը: Վթարի արդյունքում վարորդը արգելափակված է մնացել մեքենայի մեջ, տեղ հասած փրկարարները դուրս են բերել երիտասարդին մեքենայից եւ նրան տեղափոխել են Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց, որտեղից էլ` Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի հոսպիտալ: Բժիշկները տուժածի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Ենթադրվում է, որ Ալեքսանդր Սադչիկովը հանդիսանում է Գյումրիի ռուսական ռազմական բազայի  կամ ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչության զինծառայող: