Օսլոյում անարգել են աշանթի ժողովրդի (Գանա) Օթոմֆուո Օսեյ Տուտ II թագավորին. առեւանգել են նրան պատկանող անգին իրերը` արքայական խորհրդանիշները, որոնք աֆրիկական թագավորական ընտանիքում փոխանցվում են սերնդեսերունդ եւ օգտագործվում պաշտոնական արարողություններում:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Radisson Blu Plaza հյուրանոցում: Ոստիկանները հսկող տեսախցիկների տեսագրություններում նկատել են շենքից ճամպրուկը ձեռքին դուրս եկող մարդու, որն էլ հենց, ամենայն հավանականությամբ, առեւանգել էր թանկարժեք իրերը: Այժմ որոնում են կասկածյալին:
Հյուրանոցի ղեկավարությունը եւ թագավորի ներկայացուցիչները չեն մեկնաբանել կատարվածը, միայն նշել են, որ այդ իրերը մեծ արժեք ունեն տերերի համար: Ոստիկանությունը կողոպուտը դիտարկում է իբրեւ հատուկ կարեւորության դեպք, հաղորդում է lenta.ru-ն`վկայակոչելով նորվեգական աղբյուրներին:
Օթոմֆուո Օսեյ Տուտ II թագավորը Օսլո է մեկնել Գանայի պատվիրակության կազմում` Նորվեգա-աֆրիկական ձեռնարկատիրական գագաթաժողովին մասնակցելու:
Աշանթին ժամանակակից Գանայի տարածքում տեղակայված հնագույն պետություն էր, այժմ այն արեւմտաաֆրիկյան երկրի նահանգներից է: Տեղական կառավարությունում պահպանվել են միապետական տարրեր, թեեւ աշանթիների թագավորը չի մասնակցում Գանայի քաղաքական կյանքին: Օթոմֆուո Օսեյ Տուտ II թագավորը աշանթիների առաջնորդն է 1999 թվականից:





























