Հյուսթոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել ԱՄՆ-ից Ռուսաստան մաքսանենգ ճանապարհով միկրոէլեկտրոնիկայի արտահանման գործի մեղավորներ Ալեքսանդր Ֆիշենկոյին եւ Վիկտորիա Կլեբանովային:
Դատախազությունը միջնորդել է կալանքի տակ պահել Ֆիշենկոյին եւ Կլեբանովային, նշելով, որ ունենալով ամերիկյան եւ ռուսական քաղաքացիություն` մեդարյալները կարող են փախչել ԱՄՆ-ից եւ ոչնչացնել բոլոր ապացույցները: Պաշտպանական կողմը, դատարանին խնդրելով ազատ արձակել մեղադրյալներին, վստահեցրել է, որ նրանք կապ չունեն Ռուսաստանի հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Անաստասիա Դյատլովային եւ Ալեքսանդրա Պոսոբիլովային: Այսպիսով բոլոր չորս գործող անձինք , ովքեր ունեն ռուսական անձնագրեր, մնում են կալանքի տակ: Մեկ այլ գործող անձ` Ադրբեջանից ներգաղթած Լյուդլմիլա Բաղդիկյանը ազատ է արձակվել ստորագրության դիմաց: Նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել եւ եթե նա խախտի կարգը, ապա ստիպված կլինի վճարել 100 հազար դոլար:
Մոտ ժամանակներս մեղադրյալներին կտեղափոխեն Նյու Յորք, որտեղ էլ տեղի կունենա դատական գործընթացը: Առաջին լսումները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Բրուքլինի դատախազությունը 11 հոգու մեղադրանք է ներկայացրել ռազմական տեխնոլոգիաներն ապօրինաբար Ռուսաստան արտահանելու համար: Մեղադրյալների ցուցակում են`46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոն, 34-ամյա Շավկաթ Աբդուլաեւը, 36-ամյա Յուրի Սավինը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 37-ամյա Վիկտորյա Կլեբանովան, 44-ամյա Սերգեյ Կլինովը, 58-ամյա Ալեքսանդրա Պոսոբիլովան, Դմիտրի Շեգուրովը, 32-ամյա Սվինջ Թաղիեւան եւ 31-ամյա Սվետլանա Զագոնը: Պատասխանատվության ենթակա են նաեւ Թեքսաս նահանգում գրանցված Arc Electronics Inc եւ ՌԴ-ում գրանցված Apex System ընկերությունները:
Քննության տվյալներով` դրանց հիմնադիրը Ա. Ֆիշենկոն է: Դատախազության համաձայն` գործի մասնակիցները մեղադրվում են կառավարական խիստ վերահսկողության տակ գտնվող միկրոէլեկտրոնիկայի դետալներ արտահանելու մեջ, որոնք կարող են կիրառվել ռազմական շատ համակարգերում:





























