Մեքսիկայում պիցայի առաքիչին սպանել են պատվերն ուշացնելու համար: Սպանության կասկածանքով ձերբակալված երիտասարդը եւ աղջիկը ընդունել են իրենց մեղքը:

Ինչպես հայտնել է Espanol UPI գործակալությունը, հոկտեմբերի 11-ին իշխանությունները ձերբակալել են սպանության կասկածյալներին եւ նրանք ընդունել են  իրենց մեղքը: Ձերբակալման ժամանակ 22-ամյա երիտասարդը հրմշտել է ոստիկանության աշխատակիցներին, իսկ նրա ընկերուհին  փայտով հարվածել է նրանց:

Հանցագործությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Մեխիկոյից 140 կմ հեռավորության վրա գտնվող Տետլա քաղաքում: Ժամը 19:00-ի սահմաններում կինը զանգահարել է ռեստորան եւ պիցա  պատվիրել: 40 րոպե անց նա կրկին զանգահարել է պիցերիա եւ հայտնել է, որ առաքիչը դեռեւս չի ժամանել: Որոշ ժամանակ անց նա երրորդ անգամ է զանգահարել: Պարբերականի տվյալներով, կինը ծայրահեղ բորբոքված է եղել ուշացման պատճառով, գրում է  «Լենտա.ru»-ն:

Երբ առաքիչը ժամանել է, տանտերերը ծեծի են ենթարկել նրան: Նրանք տղային քարշ են տվել տուն եւ կապկպել են, իսկ երբ լուսադեմին նա ցանկացել է փախչել, տանտերը դանակի հարվածներ է հասցրել  նրան: Պարանոցին ստացած վերքից առաքիչը մահացել է: Մարդասպանները տղայի մարմինը ամայի տեղ են տեղափոխել, որտեղ նրան հայտնաբերել են միայն երկու օր անց: Սպանվածի եւ մարդասպանների անունները չեն հաղորդվում: