Բանգլադեշի ափամերձ հատվածում հոկտեմբերի 11-ին վրա հասած փոթորկից նվազագույնը 22 մարդ է զոհվել: Հազարից ավելի ձկնորսներ անհետ կորած են համարվում:
Տարերային աղետի արդյունքում Նոակհալի եւ Բհոլա շրջաններում, ինչպես նաեւ հարավային Չիտագոնգ քաղաքում երկու հազարից ավելի տներ են վնասվել: Մի շարք շրջաններում հաղորդալարերի կտրվելու հետեւանքով խափանվել է կապը եւ էլեկտրամատակարարումը, գրում է «Ռոսբալտը»` հղում անելով Daily Star թերթին:
Բենգալյան ծոցում գտնվող ձկնորսական ավելի քան 100 նավակներ հանձնվել են փոթորկի քմահաճույքին: Ձկնորսների որոնողական աշխատանքներ են կատարվում:
Բանգլադեշն ամեն տարի տառապում է ավերիչ փոթորիկներից եւ քամիներից, որոնց արդյունքում հարյուրավոր զոհեր են լինւմ: 1971թ. հզոր ցիկլոնը կես միլիոնից ավելի մարդու կյանք էր խլել:





























