Վրացական ծագմամբ ռուս նշանավոր հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիի թեկնածությունը չի դիտվել Վրաստանի  պետական պաշտոններից որեւէ մեկի համար: Այս մասին ՌԻԱ Նովոստի գորածակալությանը հայտնել է «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ, Վրաստանի արտաքին գործերի ապագա նախարար Մայա Փանջիկիձեն` այդպիսով հերքելով ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը:

«Դա լուրջ հարց չէ: Կանդելակին չի հիշատակվել ոչ մի անգամ: Կոչ եմ անում լրագրողներին չվկայակոչել սոցաիալական կայքերում տեղադրված տեղեկատվությունը», - հայտնել է Փանջիկիձեն:

Այն մասին, որ Կանդելակիին Վրաստանի նոր կառավարության կազմում առաջարկել են փոխվարչապետի պաշտոնը, հաղորդել է ՌԲԿ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները: Գործակալության տվյալներով, մոտ ժամանակներս հաղորդավարուհին նպատակ ունի  Թբիլիսի ժամանել` հաղթած կոալիցիայի առաջնորդի` Բիձինա Իվանիշվիլիի  հետ բանակցելու նպատակով:

Ինքը` Կանդելակին սոցիալական կայքում հայտնել է, որ պատրաստվում է այցելել Թբիլիսի, ինչից հետո հանրությունը անմիջապես սկսեց խոսել Վրաստանի նոր կառավարությունում քաղաքական կարիերա ստեղծելու նրա ձգտումների մասին:

Նախկինում նույնպես Կանդելակիի դիվանագիտական գործունեության շուրջ պտտվող  լուրերը չեն հաստատվել:  Իսկ այն ժամանակ խոսվում էր այն մասին, որ  Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Կանդելակին հնարավոր է կդառնա ՌԴ-ում Վրաստանի դեսպանը: