Մոսկվայում հայ դպրոցական Էդիկ Մարգարյանի սպանության գործով դատը շարունակվում է: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ալլա Մարգարյանը, հոկտեմբերի 9-ին կայացած դատական նիստում որոշվել է երկրորդ քրեական գործ չհարուցել, այլ վերանայել առաջինը՝ նոր բացահայտումներից ելնելով: այդ կապակցությամբ Ա. Մարգարյանի նախորդ դիմումը վերադարձվել է, իսկ վերանայման մասին հայցը դատարան կուղարկվի երկուշաբթի օրը: Պատասխանելով հարցին, թե դատարանը չի ձգտում արդյոք առավելագույնս երկարաձգել գործը, Ալլա Մարգարյանը նշել է. «Եթե նրանք կարծում են, որ ես կձանձրանամ եւ կդադարեցնեմ, շատ են սխալվում»:
Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարգարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին` ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել էր ազգությամբ ադրբեջանցի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել էր Մարգարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել էր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:
Սակայն այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարգարյանը քաղաքացիական հայցով դիմել էր դատարան: Համաձայն հայցի` Մամեդովի եւ Էդիկ Մարգարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած սթրեսային իրավիճակը Էդիկ Մարգարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն էր առաջ բերել: Այս կապակցությամբ դատարանը Մամեդովի ծնողներին պարտավորեցրել էր 500 հազար ռուբլի վճարել: Ընդ որում, դատարանը մեղավոր չէր ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ առողջապահության նախարարությանը: Այս որոշման կապակցությամբ Էդուարդ Մարգարյանի մայրը դիմել էր դատարան` Մամեդ Մամեդովի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով:





























