Լիբիայի հետ ես աշխատել եմ վերջին 8 տարին եւ այս երկրի տնտեսություն եմ ներդրել բավականին խոշոր գումար` ավելի քան 1 միլիարդ դոլար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանում Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
Աբրահամյանը նշել է, որ լավ հարաբերություններ է ունեցել երկրի քաղաքական վերնախավի եւ անձամբ Մուամար Քադաֆի հետ եւ անգամ նրան Ռուսաստան է հրավիրել: Աբրահամյանի խոսքով, Քադաֆին ծանոթ էր Հայաստանին եւ գիտեր հայերի խնդիրների մասին: «Ես անգամ խնդրել եմ Հայաստանի ԱԳ ղեկավարին Քադաֆիին Երեւան հրավիրել, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Քադաֆին երկիր կորցրեց, ես` գումարներ: Ես եղել եմ այդ ժողովրդի ընկերը, ես հիմա էլ նրանց ընկերն եմ, եւ հույս ունեմ, որ ավարտին կհասցնեմ Լիբիայում սկսած գործերս: Ես հույս ունեմ, որ կվերադարձնեմ փողերը, որոնք ներդրվել են Լիբիայում եւ այժմ սառեցված են»,-ասել է նա:
Աբրահամյանը նաեւ հերքել է իր սնանկացման մասին շրջանառվող լուրերը. « Ես սնանկ չեմ, ես ոչ մեկին անգամ 1 դոլար պարտք չեմ: Սակայն այս լուրերը հանգեցրել են նրան, որ բոլոր բանկերը, որոնց հետ իմ ընկերությունները համագործակցում են, պահանջել են իրենց գումարները: Դա մեծ հարված էր: Դա նշանակում է, որ բոլոր պարտքերի վճարման համար պետք է երեք անգամ էժան վաճառեմ իմ ունեցվածքը: Այժմ ես ֆինանսական խնդիրներ չունեմ»:




























