Ուզբեկստանն առայժմ ՀԱՊԿ-ի կազմում է, հայտնել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Իգոր Լյակին-Ֆրոլովը: Նա ընդգծել է, որ Ուզբեկստանի անդամակցությունը դադարեցնելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի դեկտեմբերին` Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստում:

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին», ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությունը դադարեցնելու մասին որոշման հետեւանքների իրավաքաղաքական վերլուծություն է կատարվել, այժմ այդ հարցով ընդհանուր դիրքորոշման համաձայնեցումն է կատարվում:

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 28-ին հաղորդվել էր, որ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի քարտուղարություն կազմակերպության գործունեությանը իր մասնակցությունը դադարեցնելու որոշման մասին նոտա է ներկայացրել:

Ուզբեկստանն ավելի վաղ արդեն դուրս եկել էր ՀԱՊԿ-ից. 1999թ. Տաշքենդը հրաժարվել էր երկարացնել պայմանագիրը, այնինչ 2006թ. կրկին վերականգնել էր անդամությունը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը  (ՀԱՊ) ստորագրվել է  1992թ. մայիսի 15-ին: Համաձայնագիրը ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի իրավունք է տալիս ցանկացած պահի լքել կազմակերպությունը:  Ուզբեկստանի անդամությունը դադարեցվելուց հետո ՀԱՊԿ-ի անդամներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: