«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 11-ին Հ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ «Մենք ենք» ներառական թատերական խմբի պրեմիերան: Թատերախմբի սաները հանդիսատեսին ներկայացրեցին «Ես ուզում եմ հավատալ» բեմականացումը:

«ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում առանցքային տեղ են զբաղեցնում երեխաներին եւ երիտասարդներին ուղղված ծրագրերը, այդ իսկ պատճառով մենք պատրաստակամ եղանք աջակցելու այս նախաձեռնության իրականացմանը: Ուրախ ենք, որ նպաստելով ներառական թատերական խմբի ստեղծմանը, մենք օգնում ենք հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ներկայացումների միջոցով ինտեգրվել հասարակությանը: Արվեստը խթանում է թե´ մտավոր, թե´ խոսքային եւ թե´ ֆիզիկական ընդունակությունների եւ կարողությունների զարգացումը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Այսօր մենք ուզում ենք հավատալ, որ այո, այս յուրօրինակ նախաձեռնության  շնորհիվ կարող ենք հասնել արդյուքների, որ  հատուկ կարիքով երեխաների ներգրավումը  թատերական արվեստի մեջ լավագույնս նպաստում է նրանց առողջական վիճակի եւ հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Սա նաեւ հնարավորություն է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», - ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) եւ Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի եւ արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները եւ հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են  մանկական թատերական ներկայացումում, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների եւ մանկական հոգեբանների օգնությամբ:

Բեմադրությանը մասնակցել են 5-16 տարեկան պատանի 20 դերասան:  «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը հիմնված է ամենաճանաչված մանկական հեքիաթների հերոսների արկածների վրա, որոնցից ամենահայտնին է «Մայա մեղվիկն ու նրա արկածները»: Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի ներառական եւ հանրակրթական դպրոցներում: Ծրագրի ավարտին թատերական ներկայացումը կդիտեն հազարավոր ծնողներ եւ երեխաներ Հայաստանի տարածքում: