Ռուսական կողմն առայժմ տվյալներ չի ստացել Անկարայում հարկադիր վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի «արգելված» բեռի մասին: Թուրքիան նաեւ չի պատասխանել բեռն առգրավելու պատճառների, հանգամանքների եւ մանրամասների վերաբերյալ ՌԴ-ի հարցմանը: Այդ մասին գրում են լրատվամիջոցները` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրները: «Հուսանք, այդ տվյալները շուտով կներկայացվեն», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը հաղորդել էր, որ Թուրքիայում հարկադիր վայրէջք կատարած Airbus A320 ինքնաթիռում եղել են Հակաօդային պաշտպանության համակարգերի ռադիոտեղորոշիչ կայանների տեխնիկական դետալների 12 արկղեր, նաեւ դրանց տեխնոլոգիական փաստաթղթերը: Միաժամանակ, նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ինքնաթիռն իբր ՌԱՀ-ի հետ կապված ռուսական ընկերության կողմից ռազմական նշանակության բեռ էր փոխադրում Սիրիա:
Սակայն պաշտոնատար անձինք հերքել էին այդ տեղեկատվությունը: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Վյաչեսլավ Դավիդենկոն այդ տվյալներն անվանել էր իրականությանը չհամապատասխանող, նշում է «Ռոսբալտը»:
Ինչպես Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը վկայակոչելով գրում է «Ինտերֆաքսը», Թուրքիան դեռ շարունակում է ուսումնասիրել առգրավված բեռի բնույթը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները Մոսկվայից Դամասկոս թռչող սիրիական քաղաքացիական «Аirbus А-320» ինքնաթիռին ստիպել էին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` ինքնաթիռում հեռահաղորդիչ սարքավորումներ էին եղել, ռադիոընդունիչներ եւ այլն: Բեռն առգրավվել էր, ինչից հետո Airbus A-320-ին թույլ էին տվել շարունակել թռչքը` Անկարայի օդանավակայանում 9 ժամ մնալուց հետո:
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հերթին խիստ տոնով բացատրություններ էր պահանջել թուրքական կողմից:





























