Ռուսաստանում Հայերի միությունը Հայաստանի ԱԳ նախկին ղեկավարին` Վարդան Օսկանյանին աջակցելու հայտարարություն չի արել եւ մտադիր չէ բացահայտել, թե ով է նման հայտարարությամբ հանդես եկել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Ռուսաստանում Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը` նշելով, որ ժամանակը ցույց կտա, թե ով է եղել կեղծիքի հեղինակը:
Նա նաեւ հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները իր վրա ճնշում են գործադրել, ինչի արդյունքում ՌՀՄ-ն հրաժարվել է իր սեփական հայտարարությունից:
Աբրահամյանը նշել է, որ ՌՀՄ-ը մշտապես աջակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ այժմ նույնպես աջակցում է նրան. «Ես այն մարդն եմ, ով հասկանում է պետականության նշանակությունը»: Ինչ վերաբերում է «Օսկանյանի գործի» նկատմամբ իր վերաբերմունքին, ապա Աբրահամյանը ընդգծել է . «Այն ինչ կատարվում է Օսկանյանի հետ, շատ վատ է: «Օսկանյանի գործը» ոչ մեկիս պատիվ չի բերում: Ցավալի է, բայց մենք պետք է համբերությամբ զինվենք եւ սպասենք իրավաբանական գործընթացի ավարտին, ինչից հետո գնահատական տանք»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանը համաձայնություն է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր , Հայաստանի ԱԳ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին` փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշմանը:





























