Պատճառաբանությունը, թե երբ ծխում են, նյարդերը հանստանում են, պարզապես ներշնչանք է: Այս մասին այսօր` հոկտեմբերի  12-ին ծխելու դեմ պայքարի ազգային օրը հրավիրված ասուլիսին ասաց հոգեբանակական  գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով, մարդիկ, երբ իմանում են, որ քաղցկեղով հիվանդ են, նույն օրը թողնում են ծխելը եւ կախվածություն չեն ունենում ծխախոտից: «Մոռացիր ծխելու մասին եւ այդ կախվածությունը կվերանա: Մեզ մոտ ինսուն տոկոսը չեն գիտակցում ծխելու հետեւանքը` քաղցկեղ, ինֆարկտ, ինսուլտ: Չհաշված այն, որ քո վրայից տհաճ հոտ է գալիս: Ավելին, երբ թողնում ես ծխելը, գիտակցում ես, որ ծխելը քո կյանքի ամենամեծ հիմարությունն է»,- ավելացրեց Խուդոյանը:

Նա նաեւ նշեց, որ մեզ մոտ ծխելու դեմ պայքար չկա ընդհանուր առմամբ: «Եվրոպայում այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ եթե դու ծխող ես, երկրորդ կարգի մարդ ես, քո վրայից վատ հոտ է գալիս, իսկ մեզ մոտ ծխելը ասոցացվում է լավ տղայի հետ, եւ որքան թանկ է լինում նրա ծխախոտի արժեքը, այքան բարձրանում է նրա հեղինակությունը»«- ասել է հոգեբանը եւ հավելել, թե ծխելու դեմ պայքարում մեծ է բժիշկների եւ ծնողների դերը: Օրինակ, եթե բժիշկը հիվանդին խորհուրդ է տալիս չծխել` պատճառաբանելով, որ դա վնասակար է սրտին առհասարակ առողջությանը, ապա նա իր օրինակով պետք է համոզի հիվանդին, այլ ոչ թե խորհրդի հետ մեկտեղ ծխի: Կամ, երբ կինը, կամ տղամարդը ծնող են դառնում, պետք է թողնեն ծխելը, եթե չի ցանկանում, որ իրենց երեխաները հետագայում ծխեն, քանի որ տղա երեխաները իրենց հորն են կրկօրինակում, իսկ աղջիկները` մորը: