2009-12 թ.թ. շինարարության անկումից հետո ՀՀ կառավարությունը 2013 թ. ակնկալում է ճյուղի 3.5% աճ: Այդ մասին նշված է 2013 թ. բյուջետային ուղերձում: ՀՀ կառավարության գնահատումներով՝ շինարարության աճը հիմնականում պայմանավորված կլինի արտադրական նշանակության ներդրումներով:
Շինարարության ճյուղը 2009 թ. 41.6 % իրական անկումից հետո դեռեւս չի վերականգնվել: Չնայած 2010 թ. արձանագրված փոքր աճին՝ 2011 թ. նույնպես նախորդ տարվա համեմատ շինարարության ծավալները կրճատվել են 11.5 տոկոսով, ինչի պատճառներ են հանդիսացել բնակչության եւ կազմակերպությունների միջոցների ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալների կրճատումը:
2012 թ. շինարարությունը շարունակել է անկում ապրել՝ 8 ամսվա կտրվածքով անկումը 4.1% է: Նվազել են մարդասիրական օգնության եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարության իրական ծավալները, սակայն փոքր-ինչ աշխուժացել է բնակչության հաշվին իրականացվող շինարարությունը:
Նշենք, որ նախորդ տարիներին ոլորտում գերակայել է անշարժ գույքի հետ կապված շինարարությունը: 2010-11 թ. այս ենթաճյուղին բաժին է ընկել շինարարական աշխատանքների մոտ 28%-ը: 2011 թ. զգալի աճ է արձանագրվել տրանսպորտային շինարարության ուղղությամբ՝ մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է մինչեւ 13%: Ամենայն հավանականությամբ՝ 2013 թ. Տրանսպորտային շինարարության ծավալներն ավելի կընդլայնվեն՝ կապված «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության սկսման հետ:





























