ՀՀ կառավարությունը 2013 թ. ակնկալում է հավաքագրել 226 մլրդ դրամ եկամտային հարկ: Այդ մասին նշված է ՀՀ 2013 թ. պետական բյուջեի ուղերձում:

Հիշեցնենք, որ միասնական եկամտային հարկը կիրարկվելու է 2013 թ. հունվարի 1-ից եւ փոխարինելու է ներկայիս եկամտահարկին ու սոցապ վճարներին: 2011 թ. եկամտահարկի ու սոցապ վճարների հանրագումարը եղել է 204.6 մլրդ դրամ, իսկ 2012 թ. ակնկալվում է հավաքագրել 233 մլրդ դրամ (91 մլրդ դրամ եկամտահարկ եւ 142 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճար):

Այսպիսով՝ միասնական եկամտային հարկից ակնկալիքները 2013 թ. զգալիորեն ավելի քիչ են, քան 2012 թ.:

Նշենք, որ 2013 թ. նոր հարկը եկամուտների հարկման ծանրացում չի նախատեսում: Սակայն ենթադրվում էր, որ այն կնպաստի ստվերային աշխատավարձերի կրճատմանը, ինչն էլ իր հերթին կավելացնի բյուջետային մուտքերը: