Հայաստանի Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող վերանորոգման աշխատանքները սկանդալի պատճառ են դարձել: Գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը կտրուկ քննադատել է թատրոնի ղեկավարությանն ու մշակույթի նախարարին:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուդոլֆ Խառատյանը նշել է, որ թեեւ թատրոնում աշխատում է արդեն 4-րդ թատերաշրջանը, բայց մինչ օրս չի կարող նույնիսկ մոտավորապես ասել, թե ինչպիսին է մոտ ժամանակների խաղացանկը: Համբերության գավաթի վերջին կաթիլը դարձել է վերանորոգման աշխատանքներ սկսելը: Նրա խոսքով, «բալետի 86 հոգանոց խմբին բառացիորեն փողոց են շպրտել»:
«Մշակույթի նախարարը շտ բարեհամբույր կերպով քննարկել է մեզ հետ այդ խնդիրը, բայց նրա տվյալներով, դահլիճում մնալը վտանգավոր է դերասանների համար: Դրա հետ մեկտեղ, նա մեզ այլընտրանք չի առաջարկել: Վաղը մենք պետք է թատրոնից դուրս գանք չգիտեմմ թե ուր: Դա կլինի իմ անձնական աղետը: Մենք նոր-նոր կարողացել էինք գրավել հանդիսատեսի ուշադրությունը, իսկ հիմա ամեն ինչ ջուրն է ընկնելու: Թատրոնը ֆուտբոլի նման է, պետք են մշտական մարզումներ: Այս տեմպերով ես կկորցնեմ իմ բոլոր արտիստներին»,-ասել է Ռուդոլֆ Խառատյանը:
Բալետմեյստերի խոսքով, իր եւ իր բալետային խմբի հանդեպ նման վերաբերմունքը ստիպում է մտածել՝ իսկ պե՞տք է Հայաստանին բալետ, որպես այդպիսին: Բոլոր դեպքերում, դա թանկ հաճույք էնման փոքր երկրի համար: Սակայն անմիջապես ինքն իրեն ընդհատելով շարունակել է. «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան շատ բան կարող ենք մենք պատմել աշխարհին բալետի միջոցով. մեր պատմությունը, մշակույթը, մտածելակերպը, զգացմունքները... Չէ, չի կարելի նեղանալ հայրենիքից»:
NEWS.am-ի թղթակիցը խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանին: «Այո, մեզ մոտ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եւ ոչ միայն բալետի խումբը, այլեւ սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը եւ օպերային երգիչները պետք է փոխեն փորձերի վայրը: Մենք բոլորի համար վայրեր ենք փնտրում եւ մշակույթի նախարարությունն այդ հարցում մեզ ակտիվորեն օգնում է: Մեր արտիստներից ոչ մեկըչի մնա բաց երկնքի տակ, երկուշաբթի հադլիճների որոնման բոլոր աշխատանքները կավարտվեն եւ մենք կհայտարարենք, թե ով որտեղ պետք է փորձեր անի»,-պարզաբանել է տնօրենը:
Նշենք, որ թեեւ վերանորոգմանը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը շարունակում է աշխատել: Այս թատերաշրջանում արդեն մի քանի ներկայացումներ են բեմադրվել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի





























