Հոկտեմբերի 12–ին գումարված արտահերթ նիստում Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես  կապիտալ   սուբվենցիա  տրամադրված 1 մլրդ 300 մլն դրամը մայրաքաղաքի դեռեւս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին: Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քաղաքապետարանն իրականացնում  է  բոլոր  չջեռուցվող կրթական,  մշակութային,  նախադպրոցական   հաստատությունները, գրադարանները  ջեռուցման   համակարգերով  ապահովելու   լայնամասշտաբ ծրագրեր, որոնց արդյունքում Երեւան  քաղաքի   բոլոր  նախադպրոցական   հաստատությունները   այսօր ապահովված են ջեռուցման   լոկալ համակարգերով։  Ներկայում ընթացքի  մեջ են արվեստի  եւ  երաժշտական  որոշ  դպրոցներում,  ինչպես  նաեւ   գրադարաններում  ջեռուցման  համակարգերի   ներդրման   աշխատանքները»,– ներկայացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծելով, որ որոշման ընդունմամբ Երեւան քաղաքում, արդեն տարեվերջին,  չջեռուցվող դպրոցներ  չեն  լինի։

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաեւ 2012  թվականի  սեպտեմբերի 28-ին  կնքված «Հայաստանի  Հանրապետության   Երեւանի   քաղաքապետարանի   եւ  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության Ստեփանակերտի  քաղաքապետարանի   միջեւ  բարեկամության   մասին»  համաձայնագիրը   եւ  ՀՀ Երեւանի   քաղաքապետարանի   եւ  ԼՂՀ   Ստեփանակերտի  քաղաքապետարանի   միջեւ 2012-2014թթ.  համար համագործակցության ծրագիրը։

Երեւան  քաղաքի  2794- րդ  տարեդարձի  առթիվ, ազգային  մշակույթի   զարգացման  գործում   ներդրած  նշանակալի  ավանդի,  ինչպես  նաեւ   թատերարվեստի   բնագավառում  ունեցած   մեծ   վաստակի   եւ   ակնառու  ձեռքբերումների  համար  Երեւանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան  պետական   ռուսական   դրամատիկական  թատրոնի գեղարվեստական  ղեկավար  Ալեքսանդր  Սամսոնի  Գրիգորյանին, շախմատի   բնագավառում   ունեցած   մեծ  վաստակի   եւ   ներդրած  նշանակալի  ավանդի   համար  միջազգային   գրոսմայստեր,  հանրահայտ  շախմատիստ  Ռաֆայել  Արտեմի   Վահանյանին,   ֆուտբոլի  ասպարեզում  ունեցած   մեծ  հաջողությունների,  ձեռք  բերած   մարզական  փայլուն  նվաճումների  համար  Հայաստանի  ֆուտբոլի  ազգային  հավաքականի   անդամ,  հանրահայտ   ֆուտբոլիստ   Հենրիխ  Համլետի Մխիթարյանին Երեւանի ավագանու որոշմաբ շնորհվել է «Երեւանի  պատվավոր քաղաքացի»  կոչում։