Լեհաստանի Կենտրոնական բանկի նախագահը սխալ է համարել միասնական եվրոպական արժույթի՝ եվրոյի, ստեղծումը: Այս մասին նա հայտարարել է Տոկիոյում, Արժույթի միջազգային հիմնադրամի նիստի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Բելկան հավելել է, որ եվրոյի ստեղծումը եվրոպական նախկին արժույթների անկայության հետեւանք է: Ինչպես նշում է լեհական Onet պարբերականը, Լեհաստանի ԿԲ նախագահը նաեւ հայտարարել է, որ Լեհաստանը մտադիր չէ անցնել եվրոյի նախքան պարտքային ճգնաժամի ավարտը: Ներկայումս, նրա կարծիքով, չի բացառվում արժութային միության ամբողջական փլուզումը: Ավելի վաղ, նման տեսակետ էր հայտնել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Եվրոն որպես ազգային արժույթ կիրառելու մտադրության մասին հայտարարել էին ԵՄ 5 երկրներ, այդ թվում Լեհաստանը, Բուլղարիան, Լատվիան, Լիտվան եւ Ռումինիան: Սկզբում նախատեսվում էր, որ այդ երկրները եվրոյի կանցնեն 2015 թվականին:

Բացի Լեհաստանից, եվրոյին անցումը հետաձգել է նաեւ Բուլղարիան: Սեպտեմբերի կեսերին, այդ երկրի ֆինանսների նախարար Սիմեոն Դյանկովը հայտարարել է, որ եվրագոտու խաղի կանոնները փոփոխվում են եւ դրան միանալը Սոֆիայի համար կարող է ռիսկային լինել: