Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան մնում է օրակարգում, հարցը քննարկվում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ղեկավարի Հայաստան հնարավոր այցի մասին ընթացիկ տարվա ամռանը Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր հենց Զատուլինը:
Ըստ ունեցած ոչ պաշտոնական տվյալների՝ այցը կարող էր տեղի ունենալ սեպտեմբերին՝ ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակում, սակայն մինչ այժմ այն չի կայացել, ինչը տարատեսակ խոսակցությունների տեղիք է տվել:
Ռուս քաղաքագետը հիշեցրել է, որ ՀԱՊԿ զորավարժությունների ամսաթիվը տեղափոխվել էր: Ըստ նրա՝ սովորաբար այդպես է լինում հագեցած օրակարգի դեպքում: Սակայն, ըստ Զատուլինի, տվյալ դեպքում հնարավոր է, որ պատճառներից մեկը տարածաշրջանի անհասկանալի իրադրությունն է: Մասնավորապես, Ռամիլ Սաֆարովի ազատման հետ կապված վիճակը: «Մարդասպանի ազգային հերոսի վերածելը բարբարոսություն է», - ընդգծել է Կոնստանտին Զատուլինը` հավելելով, որ իրադրությունը կարող էր ազդել այցի ընթացքում տարվող բանակցությունների վրա: Ըստ նրա՝ հնարավոր է, որ Պուտինը չի ցանկացել իր այցով մեծացնել լարվածությունը: Նշելով, որ Ռուսաստանի նախագահի այցը մնում է օրակարգում, Զատուլինը նաեւ հայտարարել է, որ հստակ ամսաթիվը չգիտի:





























