Ադրբեջանում փախստականները ենթակա են ողբերգական հանգամանքների եւ իշխանությունների անտարբերությանը: Նման եզրակացության է հանգեցնում ադրբեջանական մամուլի հրապարակումներին ծանոթանալը:

Փախստականների շրջանում ինքնասպանությունների վերաբերյալ լուրերը տարօրինակության աստիճանի օրինաչափ բնույթ են կրում: Հերթական լուրը տարածել է Vesti.Az-ը: «1948 թվականին ծնված Մելիքով Սուրխայ Ասլանօղլուն հայտարարել է, որ չի ուզում այլեւս այդպես ապրել եւ կնոջ աչքի առաջ դանակը սիրտն է խրել»: Տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Այս տարվա օգոստոսին Աբշերոնում 1969 թվականին ծնված փախստական Թահիր Հուսեյնովը կախվել էր իր տան պատշգամբում: Բաքվում 37-ամյա Իլհար Ահմեդովը ինքնահրկիզում էր կատարել: 45-ամյա Ռաշիդ Յոլչուեւին գտել էին կախված վիճակում: Եւ նման շատ դեպքեր:

Ինքանսպանությունների դեպքերն անհամար են: Հետաքննության արդյունքների մասին չի հաղորդվում: Սակայն ադրբեջանական մամուլի որոշ տվյալներ թույլ են տալիս պնդել, որ մեծ դեր է խաղում  փախստականների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը: Միջազգային ամբիոններից ադրբեջանական իշխանությունները  բարձրաձայնում են մեկ միլիոն, իսկ երբեմն էլ`միլիոնից ավելի, կամ մեկուկես միլիոն փախստականների մասին, այնինչ նրանց թիվը 700 հազար է: Սակայն թե ինչ պայմաններում են ապրում փախստականները, ինչ վերաբերմունքի են արժանանում պետմարմինների կողմից, այդ մասին լռում են: