Հայաստանում, հոկտեմբերի 10-12-ին, ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, ակադեմիկոս Լեւոն Օրբելիի 130-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանս է կայացել: Ինստիտուտը կրում է անվանի գիտնականի անունը:
Կոնֆերանսին ներկայացվել է մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի տարբեր ոլորտներին վերաբերող աշխատանքների լայն սպեկտր: Միջոցառմանը մասնակցել են ռուս գիտնականներ Պետերբուրգի Ի.Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի եւ բիոքիմիայի ինստիտուտից, որը 1956 թվականին հիմնադրել է Լեւոն Օրբելին: Մասնակցել են գիտնականներ նաեւ Վրաստանից, Իրանից եւ Հայաստանից:
Անվանի խորհրդային ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լեւոն Օրբելին, ով ծնվել է 1882 թվականի հունիսի 25-ին, Ծաղկաձորի Դարաչիչագ գյուղում, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից մեկն է: Նա Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, ինչպես նաեւ շատ օտարերկրյա ակադեմիաների, ասոցիացիաների ու հաստատությունների անդամ:





























