Հունգարիայի արտգործնախարարության հյուպատոսական բաժինը Հայաստան այցելելու ցանկություն ունեցող հունգարացիների համար հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հունգարիայի ԱԳՆ-ն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո  ոչ մի տեղեկություն չի ստացել Հայաստանում հունգարացիների նկատմամբ ճնշումների մասին: Նաեւ ընդգծվում է, որ Հայաստանի իշխանությունները Հունգարիայից զբոսաշրջիկների մուտքի ոչ մի սահմանափակում չեն մտցրել, սահմանին ոչ մի խնդիր չի ծագել, հայտնում է MTI գործակալությունը:

Նախարարությունը զգուշացնում է, որ տվյալ պահին Հայաստանում Հունգարիայի քաղաքացիների համար հասանելի չեն հյուպատոսության ծառայությունները եւ խորհուրդ է տալիս դիմել Երեւանում ԵՄ-ի երկրների դեսպանատներից մեկին:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: