Քալիֆորնիայում չամիչը գյուղատնտեսության արհամարհված խորհրդանիշն է, քանի որ այն ընկալվում է որպես հետամնաց արտադրանք: Սակայն գյուղատնտեսական շուկաներում արժե փնտրել հատուկ տեսակներ, որոնք արտադրում են մանր ձեռնարկատերերը:

Ինչպես հաղորդում է «Los Angeles Times»-ը, տեղական ֆերմաների շուկաների խաղողի լավագույն առաքիչները  Լինդա եւ Բրայան Ռաֆայելներն են` «Աբգարյան» ընտանեկան ֆերմայից, որը արտադրում է ոչ մեծ քանակությամբ բարձրորակ չամիչ եւ հենց նրանք էլ վաճառում են իրենց արտադրանքը:

Ֆերման հիմնադրվել է 1940 թ-ին Վարդան Աբգարյանի կողմից: Հետագայում հոր գործով զբաղվել է որդին` Դոնը, ով 1988 թ-ին ամուսնացել է բանկի աշխատող Լինդա Կեպլեների հետ: Վարդանը սրտի կաթվածից մահացել է 1995 թ-ին: Դոնը 50 տարեկան հասակում մահացել է 1999 թ-ին: Ֆերմայում մնացել էր Լինդան, ում գիտելիքները այդ բնագավառում սահմանափակ էին:

Հետագայում նա հանդիպել է Բրայան Ռաֆայելին, ով չամիչ էր արտադրում Սելմում  եւ ամուսնանում է նրա հետ: Նրանք սկսում են միասին զբաղվել ֆերմայի գործերով:

Ընտանիքը մշակում է 40 հա տարածք, որի մի մասում խաղող է աճեցվում, իսկ մնացած մասում` տարբեր մրգեր: