Թուրքիան Ռուսաստանի դեմ վտանգավոր քայլ է արել՝ Անկարայում իջեցնելով սիրիական մարդատար օդանավը՝ հստակ չիմանալով ինչ կա մեջը։ Այս մասին թուրքական Taraf պարբերականի հետ զրույցում ասել է թուրք հայտնի վերլուծաբան, Համաշխարհային քաղաքական զարգացումների կնետրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը։

Ինչպե՞ս եք մեկնաբանում սիրիական օդանավի հարկադիր վայրէջքը

Ըստ ինձ՝ Թուրքիան տրամադրված է մի քիչ լարվածությունն ավելացնելու։ Եթե օդանավում կա զենքի մասեր, օդանավն իջեցնելը նորմալ է։  Սակայն Պուտինի այցի հետաձգելու լուրից մեկ օր անց Մոսկվայից դուրս եկած օդանավը իջեցնելը, մանավանդ որ չգիտես թե ներսում ինչ կա, շատ հարցեր է ծնում։ Ես կարծում եմ՝ սա մկանների ցուցադրություն էր։ Ժամանակը ցույց կտա, թե Թուրքիան սխա՞լ էր, թե՞ ճիշտ։  Սակայն արվածը վտանգավոր էր։ Ռուսաստանին մեր դեմ ենք հանում, վտանգում Սիրիայում թուրքական օդանավերի անվտանգությունը։

Ինչպե՞ս եք մեկնաբանում Սիրիայի հարցում Թուրքիայի քաղաքականությունը

Հենց սկզբից Թուրքիան հապշտապ քայլեր արեց։ Թուրքիան պետք է շարժվեր կողմերին հաշտեցնող երկրի դերում։ Ընդդիմությանը զենք տալը, նրանց իր տարածքում տեղակայելը ճիշ չէր։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը ճեղքելու համար Թուրքիային 600 թեւավոր հրթիռ է անհրաժեշտ, որը մենք չունենք։ ՆԱՏՕ-ն խառնվելու մտադրություն չունի, իսկ ԱՄՆ-ը ուրիշ հոգսերով է տարված։ Մտահոգված եմ, որ այս ամենը Թուրքիայի կողմից լավ չի ուսումնասիրվել։

Սիրիան ռազմական առումով ինչքա՞ն է ուժեղ

Թե Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու, թե ուղղակի ռազմական միջամտության համար անհրաժեշտ է կոտրեկ նրա հակաօդային պաշտպանությունը։ Սիրիան, մասնավորապես Իսրայելի դեմ, շատ ուժեղ հակաօդային պաշտպանության համակարգ է ստեղծել։ Բացի այդ ունի քիմիական զենք, որով կարող է հարվածել Թուրքիայի խորքերը, իսկ Թուրքիան  դրանցից պաշտպանվելու համակարգեր չունի։

Իսկ Թուրքիայի կողմից ռազմական միջամտությունն ի՞նչ հետեւանքներ կունենա

Չեմ կարծում, որ Թուրքիան նման քայլ կանի։ Նման պատերազմները թե քաղաքական, թե մարդկային մեծ կորուստներ կպատճառեն։ Եթե Թուրքիան մտնի սիրիական հողեր, արաբները չեն ների։ Մի նայեք, թե հիմա արաբները պաշտպանում են Թուրքիային, սակայն հենց սկսեցին զոհերը, ամեն ինչ հակառակն է շրջվելու։