ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում են նախագահի վարչակազմից, Սահակաշվիլին եւ Ռասմուսենը քննարկել են Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները:

Ռասմուսենը գնահատմամբ, Վրաստանում ժողովրավարության զարգացման համար եկել է պատմական պահը: Նա շնորհավորել է Սահակաշվիլիին եւ վրաց ժողովրդին՝ ազատ եւ արդար ընտություններ անցկացնելու կապակցությամբ եւ եւս մեկ անգամ վստահեցրել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում աջակցության մասին, հաղորդում է «Գռուզիա օնլայն»-ը:

Զրույցի ավարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Վրաստանի ինտեգրումը Դաշինքին անշրջելի գործընթաց է եւ Վրաստանին հնարավորություն է ընձեռվում այդ ուղղությամբ զգալի քայլեր անել: Ռասմուսենը Սահակաշվիլիին հրավիրել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 58-րդ նստաշրջանին մասնակցելու:

Ռասմուսենը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Բիզինա Իվանիշվիլիի հետ՝ շնորհավորելով նրան խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Նա նշել է, որ այդ ընտրություններով Վրաստանը հանձնել է ժողովրդավարության թեսթը: Կողմերը զրուցել են նաեւ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների հտագա խորացման մասին: