Այսօր Հայաստանում մենք պատրաստվում ենք նախագահական ընտրությունների, եւ ես մի կուսակցության անդամ եմ, որն ընտրություններին մասնակցելու դեպքում կարող է իշխող կուսակցության լուրջ հակառակորդ դառնալ: Այս մասին Գերմանական DW ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից:
Անդրադառնալով իր շուրջ ծավալված վերջին իրադարձություններին, մասնավորապես` հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն մեղադրյալ ներգրավելուն, Վարդան Օսկանյանը նշեց, որ այս հետապնդումը քաղաքական է համարում երկու պատճառով. նախ՝ այն զուրկ է որեւէ իրավական հիմքերից: «Խոսքն այստեղ մասնավոր հիմնադրամի մասին է, որը գումար է ստացել մասնավոր անձից: Չկա բողոք ո՛չ դոնորի, ո՛չ էլ հիմնադրամի կողմից, քանի որ, ըստ էության, միջոցները չեն կորել: Երկրորդ՝ կարեւոր է տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը: Մեղադրանք է առաջադրվում մի գործի առիթով, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ»,- ասել է նա:
Նախկին արտգործնախարարը նշեց, որ չի պատրաստվում պայքարել իրավական հարթությունում, քանի որ դա անիմաստ է համարում: Նրա կարծիքով` հարցը քաղաքական դաշտում է, եւ պայքարը հենց այս մակարդակով է ընթանալու: «Իհարկե, այս ամենն ուղղված է ոչ միայն իմ, այլ նաեւ իմ կուսակցության դեմ, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ժողովրդավարության դեմ»,-նշել է նա:
Թե ինչպես կանդրադառնա հարուցված գործը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ապագայի վրա, ապա, պատգամավորի կարծիքով, այն որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: «Այս հարցը երբեք չի դառնա սակարկման առարկա: Կուսակցությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանում, եւ անկախ ամեն ինչից՝ «Բարգավաճ Հայաստանը» առանցքային դեր է խաղալու առաջիկա նախագահական ընտրություններում»,- նշել է նա:





























