«Հայ –չինական համագործակցության կենտրոնը» մտադիր է  իր ներդրումն ունենալ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Լեւոն Հովհաննիսյանը:

«Մեր նպատակը հայ-չինական համագործակցության զարգացումն է բոլոր ոլորտներում, դրանք բազմակողմ դարձնելը: Ուշադրությունը կենտրոնացնելու ենք մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ գործարար ոլորտներում  համագործակցության վրա»,-նշեց Լեւոն Հովհաննիսյանը: Կենտրոնն սկսել է  գործել վերջերս եւ ստեղծվել  Չինաստանի բարեկամների ակումբի հիման վրա:

Հովհաննիսյանի խոսքով` կնետրոնը կձգտի կապեր հաստատել առաջատար բուհերի հետ: «Կցանկանայինք ուսանողների փոխանակում իրականացնել Հայաստանի ԿԳ նախարարության եւ Չինաստանի համապատասխան մարմինների օգնությամբ»,-ասաց նա: Կենտրոնը նախատեսում է չինարենի ուսուցման դասընթաց կազմակերպել  եւ հրավիրել մասնագետի Չինաստանից: «Կկապվենք նաեւ Երեւանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչների հետ եւ կփորձենք հասկանալ, որ ոլորտներում կարող ենք գործակցել»,,-ասաց Հովհաննիսյանը: