Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ձերբակալված օդանավում, որը Ռուսաստանից ուղեւորվում էր Սիրիա, ոչ մի զենք չի եղել:

Նախարարի խոսքով, օդանավում եղել են սարքավորումներ ռադարների համար, որի տեղափոխումը չի հակասում քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային կոնվենցիաներին: «Մենք գաղտնիքներ չունենք: Օդանավում, իհարկե, չի եղել զենք եւ չէր էլ կարող լինել»,-լրագրողներին հայտարարել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Նախարարը հավաստիացրել է, որ օդանավում եղել է բեռ, որը ռուսական մատակարարն ուղարկում էր «բացարձակապես օրինական ճանապարհով»:

Սիրիական ուղեւորատար Airbus A-320 օդանավը, որը Մոսկվայից ուղեւորվում էր Դամասկոս, հոկտեմբերի 10-ին հարկադրաբար վայրէջք է կատարել Անկարայում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օդանավը զինամթերք է տեղափոխել" Օդանավը խուզարկելուց հետո, թուրքական կողմը առգրավել է 12 արկղ բեռ, որից հետո օդանավին թույլ են տվել մեկնել Դամասկոս: Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հայտարարել է, որ բեռն իրենցը չէ: