Հայաստանի ֆինանսական շուկայում անշեղորեն աճում են եվրոյով կատարվող գործառնությունները: Այդ են վկայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակվող շաբաթական ամփոփ տվյալները ֆինանսական շուկայի շրջանառությունների մասին:
Եթե նախկինում արտարժույթի ներբանկային շուկայում հազվադեպ էր եվրոյի վաճառքի ծավալը գերազանցում շաբաթական 10 մլն եվրոն, ապա վերջին ամիսներին այն կանոնավոր գերազանցում է 10 մլն եվրոն: Կան շաբաթներ, երբ շուկայում 20 մլն եվրոյից ավելի է վաճառվել: Անցնող շաբաթվա ընթացքում բանկերը շուկայում վաճառել են 16 մլն եվրո եւ գնել 9 մլն եվրո:
Եվրոյի նկատմամբ պահանջարկի աճը մասամբ հետեւանք է Եվրամիության հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ, ինչպես նաեւ եվրոպական արժույթի հանդեպ վստահության վերականգմամբ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է, որին բաժին է ընկնում արտաքին առեւտրաշրջանառության մոտ 30%-ը:
Նշենք, որ դոլարային գործարքների առումով շուկայում էական փոփոխություններ չկան: Դոլարի վաճառքի ներբանկային շաբաթական շրջանառությունը որպես կանոն գտնվում է 80-100 մլն դոլարի սահմաններում: Սակայն, ընդհանուր առմամբ, աճել է հետաքրքրությունը դոլարային վարկերի նկատմամբ` հոկտեմբերի 1-7 ժամանակահտվածում բանկերի կողմ,ից տրամադրվել է մոտ 50 մլն դոլար վարկ, ինչը բարձր ցուցանիշ է: Հայկական դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26 մլրդ դրամ (համարժեք է 63 մլն դոլարին):




























