Վրաստանում շարունակվում են հանդիպումները «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչների եւ երկրի իշխանության ներկայացուցիչների միջեւ՝ իշխանությունը հանձնելու քննարկումների շրջանակներում: Մասնավորապես, կոալիցիայի ղեկավար եւ ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բանակցություններ է վարել Վրաստանի Անվտանգության խրհրդի քարտուղար Գիգի Ուգուլավայի հետ, հաղորդում է «GHN»-ն: Նրանք քննարկել են եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերը:
Հանդիպումից հետո Բոկերիան ասել է, որ «Վրացական երազանքի» եւ «Ազգային շարժման« միջեւ բազմաթիվ տարաձանություններ կան, բայց երկու կողմերն էլ առաջնահերթ են համարում երկրի ինտեգրումը եվրատլանտյան կառույցներին:
«Այդ տարաձայնությունները ոչ մի տեղ չեն կորել եւ, հավանական է, որ կլինեն նաեւ ապագայում, բայց երկրի անվտանգության, արտաքին սպառնալիքներին դիմագրավելու, արտաքին կուրսի, եվրատլանտյան ինտեգրման, դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ շարժվելու հարցերում այդ կուրսը կպահպանվի, կամրապնդվի, ուստի մենք կանենք ամեն բան, որպեսզի մեր համագործակցությունը լինի ամուր»,-ասել է նա:
Հանդիպել են նաեւ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ, Վրաստանի ՆԳ նախարարի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին եւ ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Էկա Զգուլաձեն: «Մենք երաշխիքներ ենք ստացել, որ բարեփոխումները կշարունակվեն եւ Ղարիբաշվիլին արժանիորեն է գնահատել այն բարեփոխումները եւ այն հաջողությունը, որին նախարարությունը հասել է վերջին տարիներին»,-հայտարարել է Զգուլաձեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ:





























